«Սալյուտն» ու ՀԾ-ն, որ նշանակում էր «հայկական ծխախոտ», 30 կոպեկ էին, բայց սովետական համակարգը շատ մարդասիրական համակարգ էր, չէր կարող թույլ տալ, որ մենք էդքան էժան փչացնեինք մեր առողջությունը. դրա համար էլ՝ տակից 40 կոպեկով էին ծախում։ Սովորական ուսանողի թոշակը, որը ոչ գերազանցիկ էր, ոչ էլ պարտք ուներ, 40 ռուբլի էր։ Պարտք ունենալը փողի հետ կապ չուներ, պարտք՝ նշանակում էր չհանձնած առարկա՝ քննություն կամ ստուգարք, իսկ փողի պարտք սովետական ուսանողը չէր կարող ունենալ, եթե, իհարկե, թղթախաղով չէր մաշում իր ուսանողական տարիները։
Հա, ուրեմն՝ 40 ռուբլի թոշակով կարելի էր 100 տուփ «Սալյուտ» կամ ՀԾ առնել, բայց մեզ ամսական 30 տուփն էլ էր հերիք։ Մնացածը գնում էր տաքսու վրա։ Բայց քանի որ տաքսի շատ չկար, մենք, մեր լեզվով ասած, գռդոն էինք նստում։ Գռդոնը նույն տաքսին էր, բայց՝ առանց տաքսու նշանի։ Համարյա բոլորը, ով մեքենա ուներ, գռդոն էր անում։ Կանգնում էիր փողոցում, ձեռքդ տնկում էիր, եթե առաջին մեքենան չկանգներ, երկրորդը, հաստատ, կկանգներ։ Բայց գռդոն անելն արգելված էր, ու եթե ոստիկանը, որն էն ժամանակ միլիցա էր կոչվում, բռներ, կդատեին։ Դրա համար էլ, եթե, հանկարծ, միլիցան կանգնացնում էր մեքենան, ասում էիր, որ վարորդը քեռիդ ա, քեզ դասի ա տանում։ Դե, թող ապացուցի, որ քեռիդ չի, այլ գռդոն ա անում։ Միլիցան հարցնում էր, թե քեռուդ անունն ինչ ա։ Ասում էիր՝ Պողոս։ Հետո ստուգում էր վարորդի փաստաթղթերը ու տեսնում էր, որ անունը Գրիգորյան Շմավոն ա։ Ասում էր՝ քեռուդ անունը Պողոս չի, Գրիգորյան Շմավոն ա։ Դու էլ ասում էիր՝ հա, գիտեմ, որ Գրիգորյան Շմավոն ա, բայց մենք ընտանիքում իրան, փաղաքշական, Պողոս ենք ասում, հո անուն-ազգանունով չենք ասելու, մեր քեռին ա, ոնց կուզենք՝ կասենք։ Ճարահատյալ բաց էր թողնում. միլիցան ի՜նչ գործ ունի՝ իմանա, թե ձեր ընտանիքում ինչ փաղաքշանքներ են գործում։ Դրա համար էլ՝ ամբողջ երկիրը գռդոն էր անում, մի անգամ մեկին չբռնեցին։
Իսկ ծխախոտը ծխախոտ էր, քիմիական նյութի մեջ թաթախած-կտրտած թուղթ չէր։ Մեկ-մեկ մեջը կոշտուկ էլ էր լինում, քարի կտոր էլ։ Մինչև ծխելը՝ գլանակը մատներով երկա՜ր մերսում էինք, որ մի քիչ բացվի, թե չէ ծխել չէր լինում։ Հաճախ չորացնում էինք, որովհետև խոնավ էր լինում, անընդհատ հանգում էր։
Իսկ պատահում էր, որ ոչ թե խանութից էինք առնում, այլ ծխախոտի գործարանից հանում էին՝ հատով՝ երեք հարյուր, չորս հարյուր հատիկ՝ կոշիկի տուփի մեջ։ Էդ դեպքում՝ «Արին Բերդ» էլ էինք ծխում, սև ֆիլտրով «Ախթամար» էլ։ Սև ֆիլտրը նույն էֆեկտն էր գործում շրջապատի վրա, ինչ՝ էսօր այֆոնի վերջին մոդելը։ Իսկ եթե ինչ-որ հավաքույթի գնալիս Փուրթուլից կամ Մոնթուկից հինգ, վեց, յոթ ռուբլով «Ֆիլիպ Մոիրս» կամ «Չեստրֆիլդ» էիր առնում, դա նույնն էր, ինչ Բենտլիով գնայիր հավաքույթի։
Հենրիկ Պիպոյան